Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Պսորիազը կարելի է բուժել

Պսորիազը դասվում է հաճախ հանդիպող մաշկախտերի թվին և հանդիպում է մարդկանց 2-4%-ի մոտ: Տղամարդիկ ու կանայք հիվանդանում են մոտավորապես նույն հաճախականությամբ: 

 

Պսորիազը կարող է սկսվել ցանկացած տարիքում, սակայն ամենից հաճախ` 20-40 տարեկանում: Տիպիկ դեպքերում ախտահարվում է առավելապես մաշկային ծածկույթը: Հիվանդությունը դրսևորվում է հարթ մաշկի վրա տեղակայվող արծաթափայլ թեփուկներով պատված հանգուցիկային կամ վահանիկային տարրերով (նկ. 1): Հաճախ ախտահարվում է նաև գլխի մազածածկ մաշկը (նկ. 2), երբեմն` նաև եղունգները (նկ. 3): Նման դեպքերում հիվանդությունը ախտորոշվում է որպես սովորական պսորիազ: Երբեմն ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև ներքին օրգանները, որը հիմք է տալիս նման համալիր ախտահարումն անվանել «պսորիազային հիվանդություն»: 

 

Պսորիազը, ընդհանուր առմամբ, բարորակ ընթացող հիվանդություն է: Չբարդացած դեպքերում այն անհանգստացնում է հիվանդներին առավելապես արտաքին տեսքի ոչ պատշաճ վիճակով, քանի որ էսթետիկ նկատառումներից ելնելով սահմանափակվում է շրջապատի մարդկանց հետ նրանց շփվելը, հասարակական վայրեր այցելելը և այլն: Սակայն երբեմն հիվանդությունը ձեռք է բերում բարդացած ընթացք` պսորիատիկ հոդախտի (նկ. 4) և կարմրամաշկության (նկ. 5) ձևերով, որոնք կարող են վտանգ ներկայացնել հիվանդների ընդհանուր առողջության և նույնիսկ կյանքի համար: Նշված վիճակի պատճառը հաճախ բժշկական հսկողությունից դուրս մնալն ու ինքնաբուժմամբ զբաղվելն է: 

 

Սուբյեկտիվ զգացումների առումով հիվանդները սովորաբար գանգատներ չեն ներկայացնում, սակայն սրացումների ժամանակ նշում են քոր, մաշկի ձգվածության զգացում, իսկ կարմրամաշկության դեպքում` նաև մարմնի ջերմության բարձրացում, ընդհանուր անհանգիստ վիճակ, աշխատունակության անկում: 

 

Հիվանդության ընթացքը ժամանակ առ ժամանակ սրանում է և կրկնվում, որը արդյունավետ բուժման դեպքում նվազում է (ռեմիսիա)` ընդհուպ մինչև կլինիկորեն առողջ վիճակ: Հաճախ մաշկի ցանավորումը լրիվ վերանալուց հետո առանձին տեղամասերում (արմունկներ, ծնկներ) պահպանվում են թույլ արտահայտված հատուկենտ հանգուցիկներ (այսպես կոչված` ՙհերթապահ օջախներ՚), որոնք ոչնչով չեն անհանգստացնում հիվանդին (նկ. 6): 

 

Սրացումների և նվազումների տևողությունը խիստ տարբեր է նույնիսկ միևնույն հիվանդի մոտ: Սրացման պատճառ կարող են դառնալ տարբեր գործոններ` սեզոնային կլիմայական փոփոխություն (հիմնականում` ձմռան-գարնան ամիսներին), նյարդահոգեկան սթրես, տոնզիլիտ, նյութափոխանակության խանգարումներ և այլն: 

 

Նկ.1 Սովորական պսորիազ

ստորին վերջույթների

ախտահարումով

 Նկ. 2 Սովորական պսորիազ

գլխի մազածածկ մասի

ախտահարումով

 

Պսորիազի առաջացման պատճառները դեռևս վերջնականապես պարզված չեն: Ստույգ ապացուցված է միայն, որ մաշկային տարրերի ձևավորումն անմիջականորեն կապված է օջախում վերնամաշկի բջիջների բազմացման (միտոզ) ընթացքի արագանալու հետ` սովորականի համեմատ մոտ 10 անգամ: Այս երևույթի առաջացման մեջ որոշակի դերակատարում ունեն իմունաբանական և ժառանգական մեխանիզմները, կենսաքիմիական պրոցեսների խանգարումները, ինչպես նաև վարակական (բակտերային կամ վիրուսային բնույթի) գործոները:

 

Արդյունավետ բուժում իրականացնելը բարդ խնդիր է, քանի որ հիվանդության առաջացման անմիջական պատճառը բացահայտված չէ: Բուժման մեջ նախընտրությունը տրվում է այն դեղամիջոցներին, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով դանդաղեցնում են վերնամաշկի բջիջների բազմացման ընթացքը: Ներկայումս կիրառվող ընդհանուր և տեղային նման միջոցները հնարավորություն են ընձեռում սովորական պսորիազի դեպքում բավականին արագ հասնել ցանի նվազման կամ նույնիսկ լիակատար տարրալուծման: Սակայն մաշկի վիճակի բարելավումը հիմնականում ունենում է ժամանակավոր բնույթ, քանի որ բազմացման արագության նվազեցումը հաջողվում է պահպանել միայն դեղերի ազդեցության ներքո: 

 

Նկ. 3 Ձեռնաթաթերի

եղունգների պսորիազային

ախտահարում

 Նկ. 4 Պսորիազային

հոդախտ

(արթրոպաթիա)

 

Հոգեբանական առումով այս երևույթը (բուժման յուրաքանչյուր կուրսից հետո հիվանդության կրկնությունը) հիվանդները բավական դժվար են տանում: Տարիների ընթացքում որոշ հինվանդների մոտ նույնիսկ աստիճանաբար ձևավորվում է անվստահություն բուժման արդյունավետության հանդեպ, նրանք սկսում են անգամ մտածել, որ պսորիազը անբուժելի հիվանդություն է, որը դրդում է առհասարակ հրաժարվել բժիշկներին դիմելուց: Սա իր հերթին բացասաբար է անդրադառնում թե' հիվանդության հետագա ընթացքի, և թե' հիվանդների կյանքի որակի վրա: 

 

Նկ. 5 Պսորիազային

կարմրամաշկություն

 Նկ. 6 «Հերթապահ օջախներ» 

սրունքների շրջանում

 

Աշխարհի շատ երկրներում գիտական ուսումնասիրություններ են իրականացվում պսորիազի երկարատև հակառեցիդիվային (կրկնումները կանխարգելող) բուժման եղանակներ մշակելու ուղղությամբ: Անհրաժեշտ է, սակայն, նշել, որ այս բնագավառում դեռևս մեծ առաջընթաց չի արձանագրվել: Խնդիրն այն է, որ պսորիազի բուժման գրեթե բոլոր շատ թե քիչ արդյունավետ միջոցներն ունեն զգալիորեն արտահայտված կողմնակի ազդեցություններ, ուստի չեն կարող երկարատև օգտագործվել: Սա է պատճառը, որ երբեմն որոշ հիվանդներ բուժման հիմնական կուրսի ավարտից հետո սկսում են զբաղվել ինքնաբուժմամբ կամ դիմում են անգամ հեքիմների, որը շատ հաճախ ունենում է խիստ բացասական հետևանքներ: Ինչ վերաբերում է հորմոնային (սթերոիդային) քսուքների օգտագործմանը, ապա դա սկզբնական շրջանում լինում է արդյունավետ, սակայն հետագայում չի ապահովում կայուն արդյունք, չի կանխարգելում սրացումների կրկնությունը և անգամ հանգեցնում է տարբեր բարդությունների (մաշկի ատրոֆիա` հատկապես մանկահասակ երեխաների մոտ, մազակալում, իմունային և ներզատական համակարգերի ու նյութափոխանակության խանգարումներ): 

 

Անհրաժեշտ է նշել, որ պսորիազի բուժման անվտանգ և արդյունավետ հակառեցիդիվային մեթոդ ստեղծելու հարցում վաղուց ի վեր մեծ ուշադրություն է դարձվել քսանթինային դեղամիջոցներին (պապավերին, էուֆիլին և այլն): Դրանց դրական ազդեցությունը հայտնաբերվել է դեռևս մի քանի տասնամյակ առաջ` ինչպես արտաքին, այնպես էլ' ներքին օգտագործման դեպքում: Հատկանշական է, որ քսանթինների կողմնակի ազդեցությունը օրգանիզմի վրա շատ աննշան է: Դրանք ունակ են բավականին արդյունավետ կերպով նվազեցնել վերնամաշկի բջիջների բազմացման արագությունը, մոտեցնելով այն բնականոն մակարդակի, որի շնորհիվ թուլանում է մաշկի թեփոտումը, նվազում կարմրությունն ու ներսփռանքը` բերելով ցանավորման մեղմացման և հիվանդների ընդհանուր վիճակի զգալի բարելավման: Սակայն դեռևս չի հաջողվել մշակել այս դեղամիջոցների երկարատև օգտագործման եղանակ պսորիազի հակառեցիդիվային բուժման համար: Դա պայմանավորված է տախիֆիլաքսիա կոչվող երևույթով, երբ բուժումը սկսելուց որոշ ժամանակ անց օրգանիզմը դեղի հանդեպ ընտելանում է, վերնամաշկի բջիջների արագ բազմացման ընթացքի վրա քսանթինների կարգավորող ազդեցությունը նվազում, որի պատճառով դադարում են հիվանդի ապաքինման գործընթացները: 

 

Այդ խնդրի լուծման ուղղությամբ որոշակի հետազոտություններ են անցկացվել նաև Հայաստանի և Ռուսաստանի գիտնականների կողմից (1990-1994թթ.): Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է նշված դեղամիջոցների օգտագործման յուրահատուկ եղանակ, որը թույլ է տալիս կանխել տախիֆիլաքսիայի դրսևորումները, իսկ դա արդեն պսորիազի երկարատև ու արդյունավետ հակառեցիդիվային բուժում իրականացնելու նախապայման է: 

 

Նոր եղանակի համաձայն, դեղամիջոցները (օրինակ, պապավերինը) օգտագործվում են ներքին ընդունման համար` հիվանդի տարիքին համապատասխան` սովորական միանվագ դեղաչափով, սակայն օրվա ընթացքում դեղի կրկնակի ընդունման հաճախականությունը ենթարկվում է որոշակի տատանումների` ելնելով մաշկի ընդհանուր վիճակից և լաբորատոր հետազոտությունների արդյունքներից: 

 

Բուժման հիմնական կուրսը զուգորդվում է օրգանիզմի պաշտպանական ուժերը կանոնավորող միջոցառումներով` հիվանդության սրացումներին նպաստող գործոնների հանդեպ դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով. օգտագործվում են, օրինակ, բուսական ծագման դեղաբույսեր (էլեուտերոկոկ, ժեն-շեն և այլն)` տվյալ հիվանդի իմունիտետին համապատասխան դեղաչափերով: Մեծ ուշադրություն է դարձվում նաև հիվանդի սննդին ու պահվածքին վերաբերող որոշ սահմանափակումներին:

 

Այսպիսով, պսորիազի բուժման նկարագրված եղանակը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել քսանթինային դեղամիջոցների արդյունավետությունը, միաժամանակ բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը: Դրա շնորհիվ սովորաբար հաջողվում է մի քանի ամսում հասնել պսորիազային ցանի լիակատար տարրալուծման` նույնիսկ առանց որևէ արտաքին միջոցների օգտագործման, և բարելավել հիվանդի ընդհանուր վիճակն ու կյանքի որակը: 

 

Եվ այսպես` պսորիազը հնարավոր է բուժել: 

 

Հեղինակ. Արթուր Դանիելյան բ.գ.թ., Հայկական բժշկական ինստիտուտի մաշկաբանության ամբիոնի վարիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի Արամ, բարև Ձեզ: Փսորիազի ժամանակ հարկավոր է ավելի շատ օգտագործել հիմնային  միջավայր ստեղծող սննդամթերք: Մրգերից խնձոր, բանան, բանջարեղեն` թարմ կամ շոգեխաշած (բացառությամ կարտոֆիլ, լոլիկ, պղպեղ, սմբուկ), միս` անյուղ, շոգեխաշած կամ խաշած, օրինակ հավի կրծքամիս, տավարի անյուղ միս: Հարկավոր է մեծ քանակությամբ ձուկ օգտագործել, դարձյալ ոչ յուղոտ: Հարկավոր է պակասեցնել քաղցրը, կծուն, թթուն: Սուրճի չարաշահումը ևս ցանկալի չէ: Փսորիազի դեպքում հարկավոր է օրգանիզմ մեծ քանակությամբ լեցիտին ներմուծել նաև հաբերի ձևով: Հարկավոր է նաև հրաժարվել ակոհոլից: Կաթնամթերքը ևս հարկավոր է օգտագործել քիչ յուղայնությամբ:

արամ

11.01.2016

իմ եղբոր մոտ ի հայտ է եկել պսորիազ ինչ սնունդ է անհրաժեշտ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ